Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ավարտվեց Singuefield Cup-ի խաղարկությունը: Իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան առաջին յոթ խաղից հետո հավաքելով նույնքան միավոր (ի դեպ՝ այս ցուցանիշը կես միավորով գերազանցում է 2005 թվին բուլղարացի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի ցույց տված արդյունքը) ստեղծել էր ամրության այնպիսի հսկայական պաշար, որ կարող էր իրեն վերջում լիակատար ազատություն տալ ու գոհանալ միավորների նվազագույն քանակով: Երիտասարդ իտալացին ավարտական երեք պարտիաներում բավարարվեց միավորներ կիսելով ու տասը տուրից հետ ութուկես միավորով դարձավ միանձնյա հաղթող:
Մրցաշարը նրան հնարավորություն տվեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երրորդից բարձրանալու երկրորդ հորիզոնական: Ճիշտ է, առայժմ ոչ պաշտոնապես, քանի որ ՖԻԴԵ-ն աղյուսակի տվյալները թարմացնում ու հրապարակում է յուրաքանչյուր ամսվա մեկին: Կարուանայի հաշվարկային միավորներն այժմ 2836-ն են, ինչը շախմատի պատմության մեջ երրորդ արդյունքն է նորվեգացի Մագնուս Կառլսենի ու Գարրի Կասպարովի ունեցածներից հետո: Այս հաղթանակից հետո աշխարհը բնականաբար միանգամայն օրինաչափորեն նրան դիտարկում է որպես աշխարհի թագի ամենառեալ հավակնորդի:
Խաղարկությունում հինգուկես միավորով երկրորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն էր, երրորդը՝ Վեսելին Տոպալովը (հինգ միավոր): Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, նա իր համար բավական համեստ արդյունք ցույց տվեց՝ չորս միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսելով չորրորդ-հինգերորդ հորիզոնականները: Բնականաբար վարկանիշային աղյուսակում մեր գրոսմայստերը նահանջ ապրեց և երկար ժամանակից հետո նահանջեց 2800-ականների շարքից:
Ընդհանուր առմամբ պիտի նշել, որ ընթացիկ տարում Լևոն Արոնյանն իր համար բավական անհաջող է հանդես գալիս: Գուցեև պատճառներից մեկն էլ այն է, որ նա չափազանց շատ է մասնակցում մրցաշարերի ու փաստորեն հանգիստ չի առնում: Շատ հանդես գալու զորօրինակ մի ապացույց, ընդամենը մեկ շաբաթից նա նորից մասնակցելու է ուժեղագույն մրցաշարի: Հուսանք, որ Բիլբաոյում մեր գրոսմայստերն ավելի հաջող մասնակցություն կունենա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ